Հարավային Սուդանի նախագահ Սալվա Կիիրը հայտարարել է, որ զինված ընդդիմության առաջնորդ Ռիեկ Մաշարի հետ համաձայնության է հասել ազգային միասնության կառավարություն ստեղծելու շուրջ: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Դեկտեմբերի 13-ին Մաշարը Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբու էր ժամանել Հարթումից: Կիիրը և Մաշարը ինտենսիվ բանակցություններ էին վարում՝ նպատակ ունենալով փոխզիջում գտնել երկու կարևորագույն հարցի՝ երկրի նոր վարչական բաժանման և պետական ռազմական կառույցներում ընդդիմության զինված ջոկատների ինտեգրման շուրջ:
Այժմ, Հարավային Սուդանի նախագահի խոսքով, անհրաժեշտ լուծումները գտնվել են, և փետրվարին կսկսվեն աշխատանքները կոալիցիոն կառավարության ձևավորման ուղղությամբ:
2018 թվականի սեպտեմբերին Հարավային Սուդանի նախագահ Սալվա Կիիրը և զինված ապստամբների առաջնորդ Ռիեկ Մաշարը Եթովպիայում ստորագրել էին հաշտության համաձայնագիր, որի համաձայն, ապստամբները դադարեցնում են կրակը, իսկ Մաշարը վերականգնվում է երկրի փոխնախագահի պաշտոնում: