ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Ժնևում անցկացվող փախստականների հարցերով գլոբալ համաժողովում կարծիք է հայտնել, որ միջազգային հանրությունը պետք է ընդլայնի փախստականներին և նրանց ընդունող երկրներին օգնության տրամադրումը:
«Հիմա մեզ ավելի, քան երբևէ անհրաժեշտ է միջազգային հանրության համագործակցությունը և գործնական, արդյունավետ պատասխանները»,- ասել է նա:
ՄԱԿ գլխավոր քարտուղարի խոսքով՝ աշխարհը պետք է շնորհակալ լինի երկրներին, որոնք փախստականների մեծաթիվ խմբեր են ընդունում, սակայն «շնորհակալությունը բավարար չէ, և ներկայիս անկայունության շրջանում միջազգային հանրությունը պետք է ավելին անի» նրանց աջակցելու համար: Խոսքը ինչպես ֆինանսական օգնության մասին է, այնպես էլ տնտեսական զարգացման ծրագրերին օժանդակելու:
Գուտերեշը հիշեցրել է, որ հիմա աշխարհում կա հարկադրված տները լքած 70 միլիոնից ավելի մարդ, որոնցից 25 միլիոնից ավելին ապաստան են գտել իրենց պետությունների սահմաններից դուրս: «Այն ժամանակ, երբ ապաստան ստանալու իրավունքը հարձակումների է ենթարկվում, և այդքան շատ դռներ փակ են փախստականների համար, երբ այդքան շատ փախստական երեխաներ հսկողության տակ են և բաժանված են իրենց ընտանիքներից, մենք պետք է հաստատենք փախստականների մարդկային իրավունքները»,- նշել է Գուտերեշը՝ կոչ անելով զբաղվել խոր պատճառներով, որոնք մարդկանց հարկադրել են հայրենիքը լքել: