Ռուսաստանը կսատարի Հայաստանի և Ադրբեջանի միջև պահվող անձանց փոխանակմանը, եթե նման պայմանավորվածություն ձեռք բերվի: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զարխարովան, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:
Նրա խոսքով` պահվող անձանց փոխանակման հարցը մշտապես բանակցությունների օրակարգում է։ Մասնավորապես, այս տարվա ապրիլին Մոսկվայում կայացած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը նվիրված էր այս թեմային:
«Հանդիպմանը մասնակցել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են փոխադարձ հիմքով միջոցներ կիրառել, որպեսզի միմյանց տարածքներում կալանավորված անձանց ազգականները կարողանան նրանց մոտ գնալ», - ասել է Զախարովան։
Նա հիշեցրել է, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ այս տարվա հունիսին հայրենիք են վերադարձել Ադրբեջանի ու Հայաստանի մեկական քաղաքացիներ։ Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը կարծում է, որ դա «չափազանց կարևոր ակցիա էր», և այն համարում է որպես առաջին քայլ կալանքի տակ գտնվող անձանց ծանր վիճակը հեշտացնելու համար:
«Կարող եմ ասել, որ այլ կալանավորների ուղղությամբ էլ է աշխատանք իրականացվում։ Եթե պայմանավորվածություն ձեռք բերվի, մենք անկասկած կսատարենք այն», – ընդգծել է Զախարովան։
Հիշեցնենք, որ այժմ Ադրբեջանում է ՀՀ Տավուշի մարզի բնակիչ Կարեն Ղազարյանը, որը 20 տարվա ազատազրկման է դատապարտված։ Բաքվում նրան մեղադրում են դիվերսիա իրականացնելու փորձի մեջ։ Սակայն ՀՀ ՊՆ-ն բազմիցս հայտարարել է, որ Ղազարյանը զինծառայող չէ, այլ սահմանամերձ գյուղի խաղաղ բնակիչ, որը հոգեկան խնդիրներ ունի։