Հինգշաբթի քաղաքացիության մասին օրենքում լրացումներ ընդունելու դեմ բողոքի զանգվածային ցույցեր տեղի կունենան Հնդկաստանի առնվազն 10 քաղաքներում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով NDTV հեռուստաալիքին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ցույցերը նախատեսված են այնպիսի մեգապոլիսներում, ինչպիսին են Մումբայը, Չենաին, Պունան, Հայդարաբադը, Կալկաթան և այլն։ Միևնույն ժամանակ, մի շարք քաղաքներում, այդ թվում երկրի մայրաքաղաք Նյու Դելիում, իշխանությունները չեն արտոնել ցույցերի անցկացումը։
Այդ սահմանափակումները վերաբերում են Կառնատակա նահանգի մայրաքաղաք Բանգալորին, որը Հնդկաստանի բարձրտեխնոլոգիական արդյունաբերության կենտրոնն է, և Ուտար Փրադեշ նահանգի մայրաքաղաք Լաքհնաուին, որտեղ շաբաթվա սկզբին տեղի են ունեցել բախումներ ոստիկանության և Լաքհնաուի համալսարանի ուսանողների միջև։ Վերջինները փորձում էին հավաքվել քաղաքի կենտրոնում՝ մեծ հանրահավաք անցկացնելու նպատակով։
Ի դեպ, ինչպես նշում է NDTV-ն, մինչ այժմ անհասկանալի է՝ այդ քաղաքներում կձեռնարկվե՞ն արդյոք փորձեր՝ ցույցեր անցկացնել հակառակ իշխանությունների արգելքի։