Ղազախստանի էներգետիկայի փոխնախարար Ասեթ Մագաուովը հայտարարել է, որ Հայաստանը մտադիր է բենզին գնել Ղազախստանից և ՀՀ կառավարության հետ արդեն պայմանավորվածություն կա:
Ըստ նրա, ՀՀ-ն համաձայն է ղազախական կողմի բոլոր առաջարկներին և այժմ համաձայնագիրն ուղարկվել է ներպետական մակարդակում հաստատման, հայտնում է Sputniknews.kz-ն:
«Կան որոշ անհարթություններ համաձայնեցնող նախարարությունների միջև: Մասնավորապես, Ղազախստանի ֆինանսների նախարարության և առևտրի ու ինտեգրման նախարարության մոտեցումները տարբերվում են: Ենթադրում ենք, որ հաջորդ շաբաթ առանձին խորհրդակցություն կանցկացնենք և կաշխատենք բոլոր դիտողություններին լուծում տալ»,-ասել է Մագաուովը:
Ըստ փոխնախարարի, այնուհետև կիրականացվի լեզվաբանական և գիտաիրավական փորձաքննություն, որից հետո ՀՀ-ն պետք է նշի ներկրման ակնկալվող ծավալը:
Մագաուովը նաև հավելել է, որ հայկական կողմը գործարքից ակնկալում է մրցակցություն առաջացնել բենզինի ներքին շուկայում և նվազեցնել գները, ինչպես եղավ Տաջիկստանում և Աֆղանստանում, ուր սկսվեց առաքվել ղազախական նավթը: