ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը դեկտեմբերի 19-ին ընդունել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին:
Ողջունելով դեսպանին` Միքայել Մելքումյանը բարձր է գնահատել Իգոր Նազարուկի գործունեությունը` ուղղված երկու երկրների խորհրդարանների համագործակցության առավել ակտիվացմանն ու միջազգային հարթակներում փոխգործակցությանը:
Դեսպանը ևս կարևորել է Հայաստանի և Բելառուսի միջև միջխորհրդարանական կապերի, տարբեր ոլորտներում գործակցության զարգացումը:
Զրուցակիցները խոսել են ԵԱՏՄ շրջանակում հայ-բելառուսական համագործակցության մասին: Անդրադարձ է կատարվել Բելառուսում վաղաժամկետ տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին, նորընտիր խորհրդարանի համանուն հանձնաժողովների հետ համագործակցությանը: