Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև առևտրային անհամաձայնությունները համաշխարհային տնտեսության առաջնային խնդիրներից են: Չնայած երկու երկրների միջև ներկայումս ընթանում են բանակցություններ, ավելին, դեկտեմբերի 20-ին ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մուչինը վստահեցրել է, որ առևտրային համաձայնագիրը կկնքվի 2020թ. հունվարին, երկրների միջև հարաբերությունների իրական կարգավորումն այս պահին հարցականի տակ է:
Նախ պետք է ֆիքսել, որ սպասվող համաձայնագիրը կլինի բանակցությունների՝ ինչպես կողմերն են անվանում, «առաջին փուլը»: Այն ենթադրում է որոշակի փոփոխություններ մի քանի ոլորտներում սակագների հետ կապված, ինչպես նաև մտավոր և տեխնոլոգիական սեփականությանն առնչվող հարցերում: Պեկինն այս փուլով համաձայնել է գնել ամերիկյան գյուղմթերք, իսկ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ չինական ներմուծվող ապրանքների վրա նոր սակագներ չի սահմանի:
Չի բացառվում, որ Թրամփն ինքը չի սահմանի, բայց ամեն ինչ կանի, որ սահմանափակումներ կիրառվեն այլոց կողմից: Ինչի՞ մասին է խոսքը:
Ընդամենն օրեր առաջ՝ դեկտեմբերի 7-ին, Դոնալդ Թրամփը Համաշխարհային բանկին (ՀԲ) բառացիորեն կոչ արեց չֆինանսավորել Չինաստանին: «Ինչո՞ւ է ՀԲ ֆինանսավորում Չինաստանին, նրանք փող ունեն, իսկ եթե չունեն՝ կստեղծեն»,- նշել է Թրամփը:
Այլ խոսքերով ասած, ոչ սեփական գործիքներով, բայց Թրամփը շարունակում է գործել Չինաստանի դեմ:
Հիմնական պատճառներից մեկն այն է, որ չնայած նախատեսվող համաձայնագրի ստորագրմանը, երկու երկրների միջև հիմնական խնդիրները պահպանվում են: Եթե ավելի հստակ, ապա այն հարցերը, որոնք հուզում են Միացյալ Նահանգներին և որոնց պատճառով հիմնականում մեկնարկեց առևտրային պատերազմը՝ ամերիկյան տեխնոլոգիաների կիրառումը և սեփական ընկերություններին սուբսիդավորելու չինական պրակտիկան, շարունակում են մնալ օրակարգում:
Ձեռք բերված պայմանավորվածությունը ժամանակավոր է և շատ փխրուն: