Սաուդյան Արաբիայում դատարանը դեկտեմբերի 23-ին մահապատժի է դատապարտել հինգ մարդու, որոնք մեղավոր են ճանաչվել լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանության մեջ, հաղորդում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի դատախազությունը:
Եվս երեքին բանտարկության են դատապարտել 24 տարի ընդհանուր տևողությամբ պատժաժամկետներով:
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնի խորհրդական Սաուդ ալ Քահթանիին հետաքննության ընթացքում հարցաքննել են, բայց նրան մեղադրանքներ չեն առաջադրել:
Հիշեցնենք՝ լրագրող Խաշկոջին, որն աշխատում էր The Washington Post-ի համար, սպանվել է 2018 թվականի հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքում: Լրագրողի մարմինն այդպես էլ չի գտնվել: