Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Դավիթ Զալկալիանին, Էլմար Մամեդյարովը և Մևլութ Չավուշօղլուն այսօր` Թբիլիսիի ութերորդ եռակողմ հանդիպման ժամանակ համատեղ հայտարարություն են ստորագրել։
Ինչպես տեղեկացնում է «Նովոստի-Գրուզիա»-ն՝ Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի խոսքով, Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների 8-րդ եռակողմ հանդիպման ժամանակ քննարկվել է 2020-22 թվականների գործողությունների եռակողմ ձևաչափը։
«Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է հատկացվել համատեղ տարածաշրջանային տրանսպորտային-էներգետիկ նախագծերի քննարկմանը։ Արձանագրվել են Տրանսկասպյան խողովակաշարի նախագծի իրականացման կարևորությունը և Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի դերը Կասպյան տարածաշրջանից Եվրոպա էներգիայի փոխանցման և Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։ Ընդգծվել են արդեն հաջող իրականացված Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և Բաքու-Թբիլիսի-Էրզրում էներգետիկ նախագծերը։
Միևնույն ժամանակ, նախարարները մեկ անգամ ևս հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ Հարավային էներգետիկ միջանցքի լիակատար իրականացման համար շարունակելու համակարգումը։ Ընդգծվել է նաև Տրանսանատոլիական գազատարի (TANAP) երկրորդ փուլի ավարտման կարևորությունը, որը բացվել է վերջերս Թուրքիայում»,- ասել է Դավիթ Զալկալիանին։