ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն անհանգստացած է Սիրիայի հյուսիս-արևմուտքում իրավիճակի սրմամբ, ուստի կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, ասվում է գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Նրա խոսքով` գլխավոր քարտուղարն անհանգստացած է ռազմական գործողությունների մասշտաբներով և հաղորդագրություններով այն մասին, որ հարձակումներ են լինում տարհանման ուղիների վրա, որոնց միջոցով խաղաղ բնակիչները փորձում են լքել երկրի հյուսիսը:
«Վերջին շրջանում ռազմական սրացումը հանգեցրել է քաղաքացիական բնակչության շրջանում տասնյակ զոհերի և առնվազն 80 հազար խաղաղ բնակիչների տեղահանման, ընդ որում` միայն վերջին շաբաթվա ընթացքում 30 հազար մարդու»,- ասվում է Դյուժարիկի հայտարարության մեջ:
Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011 թվականից: 2017-ի վերջին Սիրիայում և Իրաքում հայտարարվել է ԻՊ ահաբեկչական խմբավորման նկատմամբ տարած հաղթանակի մասին:
Երկրի որոշ շրջաններում շարունակվում է գրոհայինների դեմ պայքարը: Ներկայում առաջնային է քաղաքական կարգավորումը, Սիրիայի վերականգնումը և փախստականների վերադարձը: