Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների Երևանում կայացած նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արել է մի շարք վիճահարույց պնդումներ: Մասնավորապես, Փաշինյանը հայտարարել է. «Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն էականորեն ավելացրել են Արցախի սուբյեկտայնությունը և ընդգծել Հայաստանի և Արցախի իշխանությունների հարաբերությունների իրավահավասար բնույթը»:
Վերջին մեկ տարվա ընթացքում վարչապետ Փաշինյանի մի շարք հայտարարություններ ուղղակիորեն հակասում են նրա կողմից արված այս պնդմանը:
Հիշեցնենք, այս տարի օգոստոսին, ելույթ ունենալով Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, վարչապետը հայտարարեց. «Արցախը Հայաստան է և վերջ»՝ մոռանալով , որ Արցախի ժողովուրդը, օգտվելով իր ինքնորոշման իրավունքից, հռչակել է իր անկախությունը:
Իհարկե, կարելի կլիներ այս հայտարարությունը ներկայացնել որպես զգացմունքային, պահի տակ ստացված, սակայն Հայաստանի իշխանությունները՝ մասնավորապես ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետագայում խոսելով կարգավորման հարցում մեր դիրքորոշման մասին, բացմիսց հղվել են Ստեփանակերտի հրապարակում արված այս հայտարարությանը:
Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի և Արցախի իշխանությունների դիրքորոշումը Ղարաբաղյան կարգավորման հարցում 100 տոկոսով նույնական են, ևս որևէ կերպ չի բարձրացնում Արցախի սուբեյկտայնությունը, ավելին, հարվածում է Արցախի, որպես հավասար կողմի բանակցային գործընթացում ներգրավվելու ընկալումների ամրապնդմանը միջազգային հանրության մոտ:
Ի դեպ, այս մասին ևս Փաշինյանը խոսել է իր ելույթում՝ ընդգծելով, որ Արցախի՝ որպես հակամարտության հիմնական կողմի ներգրավվածության ավելացման անհրաժեշտության ընկալումն էականորեն ամրապնդվել է վերջին ամիսներին: Սակայն, ինչպես հետևում է միջնորդ երկրների հայտարարություններից, ամրապնդվել է բանակցային գործընթացին միջհամայնքային տրամաբանություն հաղորդելու ադրբեջանական մոտեցումը: Իհարկե այդ դեպքում կարող է ավելանալ Արցախի ներգրավվածության աստիճանը բանակցային գործընթացում, սակայն այդ համատեքստում ներգրավվածությունը որևէ կերպ չի բխում հայկական կողմերի շահերից և փոխում է հակամարտության էությունը:
Այսպիսով, ստացվում է, որ Փաշինյանի հայտարարությունն Արցախի սուբեյկտայնության բարձրացման մասին իրականությունը չի համապատասխանում: Ընդ որում, սա ակնհայտ է ոչ միայն վարչապետի այս տարվա ընթացքում արած հայտարարություններից, այլև ՀՀ իշխանությունների գործողություններից կամ ավելի ճիշտ անգործությունից: Հիշեցնենք, որ այս տարի ֆրանսիական մի շարք քաղաքներ մեկը մյուսի հետևից չեղարկել են Արցախի տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության հուշագիրը, ինչը ՀՀ իշխանությունների կողմից առնվազն տեսանելի պատշաճ արձագանքի չի արժանացել: