Երեկ՝ դեկտեմբերի 23-ին, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Երևանում տեղի ունեցավ Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ։ «Հայաստանը կշարունակի հանդես գալ որպես Արցախի համապարփակ անվտանգության երաշխավոր»,- իր ելույթում նշեց վարչապետ Փաշինյանը՝ հավելելով, որ ՀՀ այս դերակատարումը ենթադրելու է սերտ համագործակցություն ընտրությունների արդյունքում ձևավորվելիք Արցախի նոր իշխանությունների հետ:
Այն, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, նոր չէ։ Այդ մասին ասվել է միշտ՝ հստակ ամրագրելով, որ ադրբեջանական ագրեսիայի դիմաց արցախահայությունը մենակ չէ։ Բայց փաշինյանական մոտեցումը վերաձևակերպումներ է մտցրել անգամ այս թեզի մեջ։ Փաստորեն, այսուհետ ՀՀ-ն Արցախի անվտանգության «համապարփակ» երաշխավորն է, ինչից առավել քան տրամաբանական հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում «համապարփակ» երաշխավորի դերը։ Առավել ևս, որ վարչապետն իր այս ձևակերպումն անում է Արցախում սպասվող ընտրությունների համատեքստում։
Այն, որ Արցախում սպասվող ընտրությունները և դրանց արդյունքները Երևանի համար չափազանց կարևոր են, Փաշինյանի կառավարությունը մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է։ Եվ Արցախի անվտանգության «համապարփակ» երաշխավոր հռչակվելով՝ ՀՀ-ն, ըստ էության, հիմքեր է ստեղծում սպասվող ընտրություններին իր հնարավոր միջամտությունների համար, առավել ևս, որ այդ մասին նախկինում ևս ակնարկել է։ Հիշենք, դեռ օգոստոսի 5-ին Արցախում՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, վարչապետ Փաշինյանի ելույթի այն հատվածը, ըստ որի՝ «Հայաստանի Հանրապետությունը պետք է հանդես գա և հանդես կգա որպես Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման և այդ կամարտահայտման միջոցով լեգիտիմ իշխանության ձևավորման երաշխավոր»։ Արցախի «ընտրությունների երաշխավոր» ձևակերպումը երեկվա վարչապետի ելույթում նոր փաթեթավորմամբ ներկայացվեց՝ որպես «Արցախի անվտանգության «համապարփակ» երաշխավոր»։ Երկուսի պարագայում էլ բովանդակությունը նույնն է և խիստ վտանգավոր։ Պաշտոնական Երևանի նման մոտեցումն առաջին հերթին հարված է Արցախի սուբյեկտայնությանը՝ դրանից բխող բոլոր ռիսկերով ու մարտահրավերներով։