Բանակցվում է, որ Արցախում բանտարկված ադրբեջանցի դիվերսանտների և Ադրբեջանում գտնվող հայ պատանդների հարազատներն առաջիկայում կարողանան փոխադարձ այցեր կատարել ու տեսակցել անազատության մեջ գտնվող իրենց ազգականներին, այսօր «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարեց Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը։ Նա ընդգծեց՝ պաշտոնական Ստեփանակերտն իր համաձայնությունն արդեն տվել է։
«Քննարկվում է, և համաձայնություն առնվազն մեր կողմից կա, մնում է՝ լինի հենց այդ իրենց հարազատների ցանկությունը, և ինձ թվում է՝ այդ միջոցառումն էլ կարելի է իրականացնել: Նմանատիպ տարբեր քայլեր պետք է արվեն, որ այդ միջավայրն ստեղծվի, ռիսկերը նվազեցվեն, այսինքն՝ այն, որ Դուշամբեից հետո հիմնականում պահպանվում է հրադադարի ռեժիմը, և այս վերջին տարվա մեջ մենք ավելի կայուն իրավիճակում ենք, քան նախորդ տարիների ընթացքում, սա էլ է փաստ: Այս ամենը նպաստելու է, որ ձևավորվի այդ միջավայրը, որը թույլ կտա արդեն կամաց-կամաց անցնել բովանդակային քննարկումներին, որտեղ Արցախի ներկայությունը և այդ ձևաչափի վերականգնումը շատ առանցքային նշանակություն կունենան» , - նշել է Մասիս Մայիլյանը: