Վրաց-ռուսական երկխոսությունը հնարավոր է վարել «նորմանդական ձևաչափի» օրինակով: Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի Առաջին ալիքի եթերում:
«Մենք կարող էինք դիտարկել բանակցությունները «նորմանդական ձևաչափի» օրինակով վարելու հնարավորությունը, որտեղ Վրաստանը Ռուսաստանի հետ բանակցություններում ներկայացված կլիներ իր գործընկերների հետ միասին, քանի որ միայն մենք բանակցություններ վարելու ուժ չունենք: Որպեսզի բանակցություններն արդյունք տան, հարկավոր է լինել հավասար պայմաններում: Մեզ աջակցություն է հարկավոր»,- նշել է հանրապետության նախագահը՝ պատասխանելով այն հարցին, թե պետք է արդյոք բանակցություններ վարել Ռուսաստանի հետ:
Վրացական պետության ղեկավարը վստահություն է հայտնել, որ հարկավոր է օգտագործել բոլոր միջոցները, որպեսզի բեկում մտցվի Մոսկվայի և Թբիլիսիի հարաբերությունների շուրջ ստեղծված իրադրության մեջ: «Բոլորը պետք է լավ հասկանան՝ ոչ երկխոսությունը, ոչ բանակցությունները որևէ զիջում չեն ենթադրում»,- ընդգծել է նա: Դրա հետ մեկտեղ Զուրաբիշվիլին գտնում է, որ ժնևյան քննարկումների ձևաչափը, ինչպես նաև ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և ՌԴ Դաշնության խորհրդի անդամ Գրիգորի Կարասինի կանոնավոր հանդիպումները պետք է պահպանել: