2019 թվականը հարուստ տարի էր հայ-վրացական երկկողմ փոխգործակցության տեսանկյունից: Տարին մեկնարկեց մարտին Վրաստանի նախագահի՝ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ Հայաստան կատարած այցով: Արդեն հոկտեմբերին Երևան ժամանեց նաև Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան: Հուլիսի 24-25-ը պաշտոնական այցով Վրաստանում էր ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Տարվա ընթացքում տեղի ունեցան նաև երկու երկրների առանձին ոլորտները ղեկավարող նախարարների, խորհրդարանական պատվիրակությունների փոխայցելություններ, կազմակերպվեցին համատեղ միջոցառումներ, ինչպես, օրինակ, Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը, որ կայացավ Երևանում հունիսի 27-ին: Եվ այս ամենի համատեքստում շատ կարևոր է հասկանալ՝ ի՞նչ տվեցին այս ակտիվ շփումները և ի՞նչ փոփոխություններ կարող ենք արձանագրել երկկողմ փոխհարաբերություններում:
Ընդհանուր առմամբ, 2019-ին չհաջողվեց լուծել երկկողմ հարաբերություններին նոր որակ հաղորդելու, բովանդակային լրացումներ ու վերամեկնարկ ապահովելու՝ վաղուց առկա խնդիրները: Քաղաքական կամքի և պատրաստակամության պարագայում՝ առնվազն երեք հարմար առիթ այդ ամենի համար ունեինք՝ Վրաստանի նախագահի և վարչապետի այցը Երևան և ՀՀ արտգործնախարարի այցը Վրաստան: Բոլոր երեքի պարագայում կողմերը սահմանափակվեցին արարողակարգային, արդեն հերթապահ դարձած հայտարարություններով՝ երկկողմ հարաբերությունների կարևորության և ժողովուրդների բարեկամության մասին:
Սալոմե Զուրաբիշվիլիի այցից ամիսներ անց Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի այցը լավ առիթ էր թարմացված օրակարգով ներկայանալու համար, առավել ևս, որ դրանից առաջ Վրաստանում էր Զոհրաբ Մնացականյանը: Եվ այս տեսանկյունից Գախարիայի այցի ճանաչողական բնույթը (հիշեցնենք, որ Գեորգի Գախարիայի առաջին այցն էր վարչապետի պաշտոնում, թեև դրանից առաջ երկու անգամ արդեն եղել էր Երևանում) որևէ կերպ խոչընդոտ չէր կարող լինել: Սակայն այժմ՝ ամփոփելով 2019-ը, կարող ենք փաստել, որ դրական տեղաշարժ այս հարցում չունենք:
Տարվա ընթացքում երկկողմ հարաբերություններում արձանագրեցինք նաև անախորժ երևույթներ՝ թե՛ հայտարարությունների, թե՛ գործողությունների տեսքով: Աղմուկ բարձրացրած դեպքերից էր հոկտեմբերի 11-ին հայ-վրացական սահմանին գրանցված միջադեպը, երբ վրացական կողմը, շուրջ 4 ժամ «Նինոծմինդա-Բավրա» անցակետում պահելուց հետո, արգելել էր հայ լրագրողների մուտքը Վրաստան: Հատկանշական է, որ այս դեպքից ընդամենը օրեր անց Երևանում էր Վրաստանի վարչապետը, և, կարծես թե, լավ առիթ էր խնդրի մասին բարձրաձայնելու, նման միջադեպերը բացառելու վերաբերյալ համատեղ հայտարարությամբ հանդես գալու համար: Բայց, ինչպես տեսնում ենք, կոնկրետ, իրական հարցերի շուրջ Հայաստանի և Վրաստանի միջև այսօր երկխոսություն չկա. բավարարվում ենք միայն երկկողմ հարաբերությունների կարևորությունն ընդգծող, արդեն դասական դարձած գեղեցիկ հայտարարություններով: