«Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է ուկրաինական «Engler» ընկերության տնօրեն Միխայիլ Կալիտկինի հետ:
«Engler»-ը STEAM-երի և ներառական կրթության համար արտադրանք մշակող և արտադրող ուկրաինական խոշորագույն ընկերություն է, որը ներկայացված է Interschool™ ապրանքանիշով:
-Պարո՛ն Կալիտկին, Ձեր ղեկավարած ուկրաինական «Engler» ընկերությունը հաղթել է Հայաստանում ավելի քան 200 դասասենյակ կրթական տեխնիկայով ապահովելու մրցույթը: Կարո՞ղ եք ավելի մանրամասն պատմել նախագծի մասին:
- Մրցույթն անցկացվել է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Education Improvement» միջազգային նախագծի շրջանակներում, որի նպատակը դպրոցներին կրթական սարքավորումներով ապահովելն է: Մրցույթին մասնակցում էին նաև ընկերություններ Հայաստանից, Իտալիայից, Չինաստանից և Ղազախստանից: Մեր առաջարկն առավելագույնս համապատասխանում էր սահմանված պայմաններին՝ հատկապես որակի և գնի առումով, ինչի շնորհիվ էլ հանձնաժողովը որոշում կայացրեց ի օգուտ մեզ:
- Ծրագրի համաձայն՝ Հայաստանի 87 դպրոցներ սարքավորումներ կստանան ֆիզիկայի ուսումնասիրության համար, 84-ը՝ քիմիայի, ևս 48-ը՝ աշխարհագրության ուսուցման համար: Ասացեք, խնդրում ենք, թե ի՞նչ սարքավորումների մասին է խոսքը :
- Բոլոր սարքավորումները, որոնք մենք մատակարարում ենք դպրոցներին, լաբորատոր լրակազմեր են: Օրինակ՝ աշխարհագրության առարկայի համար նախատեսված են գլոբուսներ, ստենդեր և տարբեր եռաչափ մոդելներ: Ֆիզիկայի համար նախատեսված են թվային մուլտիմետրեր, ռեոստատներ, էլեկտրաարդյունաբերության ուսումնասիրության համար նախատեսված այլ պարագաներ: Քիմիայի համար`ապակե անոթներ, եռոտաններ, փորձարկման խողովակներ և այլն: Մեր սարքավորումների ցանկն իսկապես բազմազան է, քանի որ նախագիծը ենթադրում է ճշգրիտ գիտությունների ճանաչողական և գործնական ուսումնասիրության համար անհրաժեշտ գործիքակազմի տրամադրում:
-Ի՞նչ ազդեցություն կարող են դրանք թողնել կրթական գործընթացի վրա:
- Մեր ընկերությունը, որը ներկայացված է R&D բաժնի կողմից, մշակում է նորարարական մեթոդական լուծումներ և այնպիսի սարքավորումներ, որոնք նախատեսված են դպրոցների կրթական ծրագրի ողջ ընթացքի համար: Մեր լրակազմերը զարգացնում են աշակերտի և ուսուցչի մոտիվացիան, թույլ են տալիս ուսանողներին ներգրավվել հետազոտությունների աշխարհում, զարգացնել հետաքրքրություն ուսման նկատմամբ և կողմնորոշվել իրենց մասնագիտության հարցում:
- Պատմեք մեզ ծրագրի իրականացման ժամկետների մասին:
- Ծրագրի տևողությունը երեք ամիս է`2019-ի նոյեմբերից մինչև 2020-ի փետրվարը:
- Ո՞ւմ հետ եք համագործակցումՀայաստանում:
- Այս նախագիծն իրականացնելու համար մենք աջակցություն ենք ստացել հուսալի գործընկերոջ կողմից՝ ի դեմս ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի: Կենտրոնը կօգնի մեզ սարքավորումներ մատակարարել բոլոր դպրոցներին:
- Ինչպե՞ս են ընտրվելու դպրոցները:
- Բոլոր 98 դպրոցները, որոնք կստանան մեր սարքավորումները, իսկզբանե են ներառվել այս նախագծի մրցութային ցուցակներում, և պայմանագրի ստորագրման պահին որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Դպրոցների մեծ մասը գտնվում է Երևանում (ավելի քան 30 դպրոց): Մնացած դպրոցները գտնվում են Հայաստանի տարբեր մարզերում:
- Կա՞ որևէ բան, որի մասին կցանկանայիք պատմել հայ ընթերցողներին, մասնավորապես՝ նրանց, ովքեր շատ շուտով կօգտագործեն ձեր սարքավորումները դպրոցներում:
- Մեր նպատակն է ուսուցումը դարձնել ավելի գործնական և հետաքրքիր, օգնել աշակերտներին բացահայտել իրենց տաղանդները: Վստահ եմ, որ ուսուցիչները, պաշտոնատար անձինք և ծնողները շատ արագ կտեսնեն փոփոխություններ և երեխաների մոտ կնկատեն սովորելու նկատմամբ ավելի բարձր հետաքրքրություն: Սա մեզ համար հիանալի հնարավորություն է մեր հայ գործընկերներին փոխանցելու մեր լավագույն փորձը, որի հաջողությունը մենք արդեն բազմիցս հաստատել ենք Ուկրաինայում և այլ երկրներում: