Ես հրաժարվել եմ որևէ ցուցմունք տալուց։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ՍԴ-ի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով ՀՔԾ քննիչների կողմից իր հարցաքննությանը, փոխանցում է News.am-ը:
«Քննիչն ասաց, որ իր կյանքում այսպիսի մեղադրյալ չի տեսել, որ այսպիսի տրամադրություն ունենա, ասաց՝ երևի աշխարհում որևէ քննիչ չի տեսել։ Չի տեսել շատ պարզ պատճառով, որ մի օր մեղադրանք էր առաջադրվելու, ինձ 6 ամիս առաջ դրա մասին զգուշացրել էին, որ «իքս», «իգրեկ», «զեթ» քայլերը չանելու համար ձեզ մի օր մեղադրանք կառաջադրվի։ Ուստի դրա մասին մի օր կխոսեմ։
«Իքս», «իգրեկ», «զեթ» քայլերը հրաժարական տալն էր։ Այս մեղադրանքը՝ 308-ի 2-րդ մասով, առաջադրելն իմ կյանքում ոչինչ փոխել և չի կարող փոխել։ Մենք բաժանվեցինք որպես պրոֆեսիոնալներ քննիչի հետ և ես իրեն ասացի, որ ես որպես պրոֆեսիոնալ իրեն գնահատում եմ, բայց ցավում եմ, որ ինքը ներգրավված է ոչ թե իրավական պրոցեսների մեջ այլ քաղաքական պրոցեսների մեջ։ Ես հրաժարվել եմ որևէ ցուցմունք տալուց»,-հայտարարեց Թովմասյանը:
Նա ընդգծեց, որ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ վերջին 6-7 ամիսներին ՍԴ-ն աշխատել է աննախադեպ ճնշումների ներքո. «Այդ ճնշումները ոչ միայն հայհոյախառն էին, ոչ միայն սպառնալիքներ էին, ոչ միայն այսօրվա մասին զգուշացումներն էին, այլ կոնկրետ բռնության կոչերն էին և դրանց դրսևորումներն էին, բայց այդ ժամակահատվածում ՍԴ-ն, փառք ու պատիվ բոլոր դատավորներին, աշխատել է առանց որևէ խոչընդոտի, ընդունել է այնպիսի որոշումներ, որոնք ելակետային են լինելու մեր իրավական համակարգի հետագայի համար և կարծում շատերը վատ են ճանաչում ՍԴ դատավորներին, նրանք ուժեղ, հայրենասեր մարդիկ են, նրանք նվիրյալներ են»:
Նշենք, որ ՍԴ-ում ՀՔԾ ներկայացուցիչները հարցաքննել են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, որից հետո նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):