Սեփական փաստարկների սնանկությունը ադրբեջանական կողմը փորձում է կոմպենսացնել փակուղային տարրեր պարունակող թեզերի մշտական կրկնությամբ: Այս մասին NEWS.am-ին հայտնել է ՀՀ ԱԳ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հարցազրույցին, որտեղ վերջինս անդրադարձել է ԼՂ հիմնախնդրին՝ որպես խաղաղ գործընթացում առաջընթացի բացակայության պատճառ նշելով Հայաստանից եկող հակասական հայտարարությունները: Գրեթե նմանաբովանդակ հարցազրույց է տվել նաև Ադրբեջանի նախագահը:
«Սեփական փաստարկների սնանկությունը ադրբեջանական կողմը փորձում է կոմպենսացնել փակուղային տարրեր պարունակող թեզերի մշտական կրկնությամբ: Գուցե այդ թեզերը որոշակի արժեք ունեն Ադրբեջանի ներքաղաքական միջավայրում՝ հաշվի առնելով այդ երկրում տեղի ունեցող վերադասավորումները և առաջիկա խորհրդարանական ընտրությունները, սակայն դրանք որևէ ձևով չեն նպաստում խաղաղ գործընթացին և ուստի որևէ որժեք չունեն»,-նշել է Նաղդալյանը:
Այս առնչությամբ, ԱԳՆ խոսնակը նշել է. «Ցավալի է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի մակարդակով արդարացվում է 16-ամյա Սմբատ Ցականյանի սպանությունը: Դա բացահայտում է Ադրբեջանի իշխանությունների իրական վերաբերմունքը հակամարտության գոտում բնակվող մարդկանց նկատմամբ: Կցանկանայի վերստին հիշատակել, որ Ադրբեջանի նախագահն անչափահասին սպանած մարդկանց համեմատել է Ռամիլ Սաֆարովի հետ: Կարծում ենք՝ այդ համեմատությամբ ամեն ինչ ասված է»: