Նոր տարին և Սուրբ Ծնունդը այն «համեղ» տոներն են, որոնք ունեն իրենց ավանդական ուտեստներն ու ըմպելիքները: Դրանք բարձրացնում են մեր տրամադրությունը ձմռան անգամ ամենացուրտ օրերին:
Եվրոպայում նման ըմպելիքների շարքին է պատկանում տաք գինին՝ գլինտվեյնը կամ գլյուվայնը, որոնք հատկապես իրենց լայն տարածումն են գտել Գերմանիայում, Չեխիայում և Ավստրիայում:
Ըստ ավանդույթի՝ իսկական գլինտվեյնը ստեղծվել է հենց այս ցուրտ երկրներում, որտեղ անհրաժեշտ էր տաքանալ՝ ձմռանը ճամփորդելիս կամ քարակերտ ամրոցների սառը դահլիճներում նստելիս:
Սակայն գոյություն ունի այս ըմպելիքի ծագման մեկ այլ հետաքրքիր վարկած: Առասպելի համաձայն՝ իսպանական Լա Ռիոխա գավառում 1679 թվականի բերքի գինին այնքան անորակ է եղել, որ տեղական ֆեոդալները սկսել են ոչնչացնել գինեգործությամբ զբաղվող բնակավայրերը: Նրանց, սակայն, կարողացել է հանդարտեցնել հնարամիտ մի գյուղացի, ով թթված գինու հիմքով անուշաբույր ըմպելիք է պատրաստել՝ ավելացնելով մրգի կտորներ ու համեմունքներ:
Գլինտվեյն պատրաստելու համար հիանալի կերպով համապատասխանում են կարմիր չոր կամ կիսաչոր ոչ թունդ գինիները: Որոշ բաղադրատոմսերում գինուն ավելացնում են նաև կոնյակ կամ ռոմ: Ալկոհոլի պարունակությունը, ըստ գերմանացիների, գլինտվեյնում չպիտի ցածր լինի 7 %-ից: Գոյություն ունի գլինտվեյն պատրաստելու երկու հիմնական եղանակ. ջրով և անխառն:
Անխառն գլինտվեյն պատրաստելու համար հարկավոր է.
Մեկ շիշ կարմիր չոր կամ կիսաչոր գինի,
2 ճաշի գդալ մեղր,
1 նարինջ,
1 կիտրոն,
1 խնձոր,
2-3 դարչինի ձողիկ,
1 պտղունց մեխակ կամ հիլ,
3-4 հատիկ սև պղպեղ,
3-4 թեյի գդալ շաքարավազ,
1 պտղունց կոճապղպեղի փոշի:
Գինին լցնում ենք կաթսայի մեջ և թեթևակի տաքացնում: Նարինջն ու խնձորը մաքրում ենք կեղևից և կորիզներից, շերտերով կտրատում: Գինուն նախ ավելացնում ենք մեղրը, դարչինը, կիտրոնի քերուկը, մյուս համեմունքները, ապա տաքանալուց հետո՝ նաև մրգերը:
Որոշ բաղադրատոմսերում եփելու ընթացքում համեմունքներից ավելացնում են նաև ընկուզեղեն, չամիչ և դափնու տերև:
Հարկավոր է անընդմեջ խառնել ստացված զանգվածը: Ոչ մի դեպքում, սակայն, գլինտվեյնը չի կարելի եռացնել: Երբ այն տաքանում է մինչև 70-75 աստիճան, հանում ենք գազօջախից: Այս ըմպելիքը մատուցում են տաք վիճակում: Ցանկության դեպքում կարելի է գավաթը զարդարել մրգերով:
Բարի Ամանոր և Սուրբ Ծնունդ: