Ըստ գերմանական ԶԼՄ-ների, Իրաքում իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո լարվածության ֆոնին Գերմանիան Իրաքում տեղակայված իր ռազմական ռեսուրսների մի մասը տեղափոխում է Քուվեյթ և Հորդանան: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
Գերմանիայի արտգործնախար Հայկո Մաասը և պաշտպանության նախարար Աննեգրետ Կրամպ-Կարրենբաուերը այս առիթով նամակ են ուղղել Բունդեսթագին:
Առաջնահերթ Իրաքից դուրս են բերվելու այն զինծառայողները, որոնք աշխատում են Բաղդադում և Տաջիում:
«Միանշանակ, մենք հարգանքով ենք մոտենում Իրաքի կառավարության ցանկացած որոշման: Մենք սկզբունքայնորեն պատրաստ ենք շարունակել միջազգային շրջանակներում օգնություն ցուցաբերել Իրաքին, եթե այդպիսի պահանջ լինի այնտեղից և դա բխի իրավիճակից: Այնտեղ տեղակայված զինծառայողները շուտով կտեղափոխվեն Քուվեյթ և Հորդանան»,- ասված է նախարարների նամակի մեջ:
Նշվում է, որ Իրաքում ընդհանուր առմամբ գտնվում է 120 գերմանացի զինծառայող: