Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի նկատմամբ կոռուպցիայի և քննության վրա ազդելու մասին գործով դատական գործընթացը կանցկացվի հոկտեմբերի 5-22-ին, հաղորդում է TASS-ը՝ հղում կատարելով France-Presse-ին:
Նախնական լսումները կկայանան 2020 թվականի հունիսի 17-ին: Այսպիսով, Սարկոզին կդառնա Ֆրանսիայի Հինգերորդ հանրապետության առաջին նախկին նախագահը, որի նկատմամբ կոռուպցիայի մեղադրանքով դատական գործընթաց կանցկացվի:
Վերջինս մասնավորապես կասկածվում է կաշառք տալու փորձերի և ծառայողական գաղտնիքը չպահպանելու մեջ։ Նման մեղադրանքներ էին ներկայացվել նաև նրա փաստաբան Տյերի Էրզոգիի և գերագույն դատախազ Ժիլբեր Ազիբերիի նկատմամբ, ով այժմ թոշակառու է։
Քննիչների կարծիքով 2014թ․ Սարկոզին Էրզոգի միջոցով փորձել է Ազիբերից փակ ծառայողական տեղեկատվություն ստանալ։ Նրանց կարծիքով՝ նախկին նախագահը ցանկացել է հետ ստանալ հետաքննության ընթացքում բռնագրավված փաստաթղթերը, որոնք վկայում էին, որ 2007թ․ իր նախընտրական քարոզարշավում անօրինական օգտագործվել են L'Oreal-ի համասեփականատեր Լիլիան Բետանկուրի դրամական միջոցները։