Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը խիստ հիասթափված է, որ իր թոռը՝ արքայազն Հարրին, և նրա կինը՝ Մեգան Մարքլը, հայտարարել են թագավորական ընտանիքի ավագ անդամների լիազորությունները վայր դնելու և կա՛մ Միացյալ Թագավորությունում, կա՛մ Հյուսիսային Ամերիկայում ապրելու մտադրության մասին՝ դա նախօրոք չքննարկելով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է The Times պարբերականը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Սասեքսի դուքսը և դքսուհին իրենց որոշման մասին Instagram-ում հրապարակելուց առաջ չեն խորհրդակցել ո՛չ թագուհու, ո՛չ արքայազն Հարրիի հոր՝ Ուելսի գահաժառանգ արքայազն Չառլզի հետ: Հրատարակությունն ուշադրություն է դարձնում այն բանի վրա, որ Բուքինգհեմյան պալատի պատասխան հայտարարությունը բավականին կտրուկ է եղել: «Սասեքսի դուքսի և դքսուհու հետ բանավեճերը վաղ փուլում են: Մենք հասկանում ենք այլ մոտեցում գտնելու նրանց ցանկությունը, բայց դրանք բարդ հարցեր են, որոնց լուծումը ժամանակ կպահանջի»,-ասված է միապետի գրասենյակի կարճ հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ արքայազն Հարրին, որը վեցերորդ տեղն է զբաղեցնում գահաժառանգության հերթում, և Մեգան Մարքլը հայտարարել էին, որ «երկար ամիսներ տևած խորհրդածություններից և ներքին բանավեճերից հետո» որոշել են «դադարեցնել թագավորական ընտանիքի «ավագ» անդամների պարտականությունների կատարումը և աշխատել ֆինանսապես անկախ դառնալու համար»: Ընդ որում՝ Սասեքսի դուքսերը հայտնել են, որ կգործարկեն իրենց բարեգործական կազմակերպությունը, բայց դրա հետ մեկտեղ կշարունակեն կատարել թագավորական որոշ պարտականություններ: