Մեր գնահատականներով իրավիճակն ավելի շատ դեէսկալացիայի է գնում, և հույս ունենք, որ մոտակա օրերին ընդհանուր հանգստություն է լինելու, կառավարության ճեպազրույցների ժամանակ լրագրողներին ասաց ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով իրանաամերիկյան վերջին օրերի լարվածությանը, տեղեկացնում է «Այսօր»-ը։
«Իհարկե, մենք միշտ վատթարագույնին ենք պատրաստվում։ Ընդհանուր առմամբ՝ շատ լայնածավալ աշխատանք ենք կատարել և՛ սիրիական, և՛Իրանի ճգնաժամի ընթացքում։ Մենք կարողացել ենք մշակել և՛ տարհանման, և՛ ճգնաժամին արձագանքելու պլան, որը շատ կարևոր առաջընթաց է մեր կառավարման համակարգի համար։ Այս երկու ճգնաժամերից մեր ինստիտուցիոնալ կարողություններն ավելի են հզորացել, և մենք ավելի հստակ գիտենք՝ ինչ ենք կատարելու։
Մեր դիմակայունությունը պարբերաբար բարձրացնում ենք և ակնկալում ենք, որ մոտակա ժամանակներում ավելի շատ կայունություն է լինելու», - ասաց ԱԱԽ քարտուղարը։
Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ լարված հարաբերությունների այս շրջանում Հայաստանը փորձի միջնորդություն առաջարկել Իրանին և ԱՄՆ-ին՝ Արմեն Գրիգորյանը պատասխանեց՝ նման տարբերակ առայժմ չի քննարկվել։
«Իհարկե, մենք ցանկություն ունենք, որ կոնֆլիկտը հնարավորինս արագ կարգավորվի, և մեր դերակատարությունն ավելի շատ տեսնում ենք, որպեսզի երկու կողմի հետ էլ շարունակենք երկխոսությունը», - ասաց նա։
ԱԱԽ քարտուղարը միաժամանակ շեշտեց, որ ստեղծված իրավիճակում մեր երկիրը տնտեսական անվտանգության առումով այս պահին խնդիր չունի։