Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն այս տարի կարևոր տեղ կզբաղեցնի նախագահության օրակարգում։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի ԱԳՆ ղեկավար Էդի Ռաման, փոխանցում է News.am-ը։
Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ն բազմիցս ապացուցել է, որ կարող է գործունեություն ծավալել հակամարտային և հետհակամարտային իրավիճակներում։
«Քանի որ ճգնաժամն Ուկրաինայում և նրա շուրջ մնում է Եվրոպայում անվտանգության ամենաօրհասական սպառնալիքը, չափազանց կարևոր է Հատուկ մոնիթորինգային առաքելության (ՀՄԱ) ուրույն ներդրումը լարվածության թուլացման և խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդման գործում»,- նշում է Ռաման։
Նրա խոսքով՝ Ալբանիայի նախագահությունն իր ներդրումը կունենա ԵԱՀԿ սկզբունքների և պարտավորությունների հարգման և Մինսկյան համաձայնագրերի լրիվ կատարման գործում՝ աջակցելով Եռակողմ կոնտակտային խմբի ջանքերին և Նորմանդական ձևաչափի գործընթացին։
Ինչպես նշում է Ռաման, «Մինսկի խմբի համանախագահների ջանքերը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, Ժնևյան միջազգային բանավեճերը և դրանց հետ կապված մեխանիզմները, Մերձդնեստրյան գործընթացը նույնպես կարևոր տեղ կզբաղեցնեն նախագահության օրակարգում»։
Էդի Ռաման նշել է, որ Ալբանիայի նախագահության 2020 թվականի գլխավոր կարգախոսն է՝ «Միասին կատարելով մեր պարտավորությունները»։