Ամերիկյան The Hill պարբերականը հոդված է հրապարակել «Իրանի հինգ ամենանշանակալի մշակութային կառույցները, որոնք կարող են հայտնվել Թրամփի թիրախում» վերնագրով: Խոսքը Թրամփի նշած կառույցների մասին է, որոնց ուղղությամբ վերջինս սպառնացել էր հարվածներ հասցնել իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանի սպանությունից հետո Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածության բարձրացման դեպքում:
Չնայած Թրամփի վարչակազմի պաշտոնյաները նշում էին, որ ԱՄՆ-ն գործելու է օրենքի սահմաններում, ԱՄՆ նախագահը մի քանի անգամ սպառնալիքներ է հնչեցրել Իրանի և իրանական մշակույթի համար կարևոր կառույցների ուղղությամբ հարվածներ հասցնելու վերաբերյալ:
Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ կառույցների շարքում է Իրանում Հայ Առաքելական եկեղեցու գլխավոր տաճարը՝ Սպահանի Սուրբ Քրիստոս Ամենափրկիչ եկեղեցին:
Նշենք, որ եկեղեցին կառուցվել է 1655 թվականին: ՅՈւՆԵՍԿՕ-ի տվյալներով, այդ եկեղեցին տարածաշրջանում հայկական մշակույթի միակ նշանակալի վկայությունն է:
Ներկայացված հնգյակում տեղ են գտել նաև Իմամի հրապարակը Սպահանում, Պերսեպոլիսը, Աքեմենյան Պարսկաստանի առաջին մայրաքաղաք հանդիսացող Պասագրադ քաղաքը և Թավրիզի տոնավաճառը: