Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան չի պատրաստվում հրաժարական տալ, նա առաջարկում է լուծել ստեղծված իրավիճակը բանակցությունների միջոցով: Այդ մասին հայտարարել է նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Դմիտրի Շամբան, հայտնում է РИА Новости-ն:
«Հանուն ազգային համաձայնության հասնելու և հանուն կայունության պահպանման՝ նախագահն անհրաժեշտ է համարում բոլոր հարցերը քննարկել բանակցությունների սեղանի շուրջ», - ասել է Շամբան:
Հինգշաբթի նախագահի հրաժարականը պահանջող ցուցարարները ներխուժել են Աբխազիայի ղեկավարի վարչակազմ: Երկրի խորհրդարանը խորհուրդ է տվել Խաջիմբային լքել իր պաշտոնը՝ երկրում ստեղված անկայուն իրավիճակի պատճառով: Դժգոհությունների առիթ են դարձել նախագահական ընտրություններում պարտություն կրած Ալխասա Կվիցինիի գործի քննության ընթացքը, 2019թ նոյեմբերի Սուխումում տեղի ունեցած հրաձգության հետաքննությունը, երկրի սոցիալ-տնտեսական ծանր վիճակը և կոռուպցիան: