Աբխազիայի Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել երկրի առաջին ատյանի դատարանի՝ նախագահական ընտրությունների արդյունքները վավեր ճանաչելու որոշումը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանադրական օրենքով սահմանված ժամկետներում կրկնակի ընտրություններ նշանակելու մասին որոշում է կայացրել»,- այս մասին տեղեկություն է հրապարակել դատավոր Թեմուր Տարբան:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Աբխազիայի իշխանությունները մտադիր են բողոքարկել Գերագույն դատարանի որոշումը:
Նշենք, որ Աբխազիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել 2019 թվականի սեպտեմբերի 8-ին: Ձայների 47,39 տոկոսով հաղթել է հանրապետության գործող ղեկավար Ռաուլ Խաջիմբան: Ընդդիմադիր Ալխաս Կվիցինիան ստացել է ձայների 46,19 տոկոսը: Վերջինս հայց է ներկայացրել Գերագույն դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։ Սակայն սեպտեմբերի 20-ին դատարանը մերժել է հայցը: