Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին տարածաշրջանի երկրներին կոչ է արել ամրապնդել կապերը, որպեսզի միասնաբար կարողանան հաղթահարել տարածաշրջանում ստեղծված այն իրարանցումը, որը տեղի է ունենում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ներկայության պատճառով: Այս մասին հայտնում է «The Daily Mail»-ը:
«Այժմյան իրավիճակն ինչպես երբևէ պահանջում է տարածաշրջանի երկրների միջև կապերի ամրապնդում և օտարերկրյա ազդեցության վերացում»,- գրել է Խամենեին Թվիթերի իր էջում:
Իրանի հոգևոր առաջնորդի «ձիթենու ճյուղն»՝ ուղղված հարևան երկրներին, պատասխանն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ով նախօրեին կոչ էր արել Իրանի ղեկավարությանը չսպանել ցուցարարներին, որոնք բողոքի ակցիա էին կազմակերպել Իրանի կողմից ուկրաինական ինքնաթիռի խոցման պատճառով:
«Իրանի առաջնորդներին` մի՛ սպանեք ձեր ցուցարարներին: Հազարավորներն արդեն սպանվել կամ կալանավորվել են, և աշխարհը հետևում է դրան: Ավելին, ԱՄՆ-ն է հետևում: Միացրեք ձեր համացանցը և թույլ տվեք լրագրողներին ազատ աշխատել: Դադարեք սպանել ձեր մեծագույն ժողովրդին»,- գրել էր ԱՄՆ նախագահը Twitter-ում: