Այսօրվանից դադարեցվում է 2009 թվականի հոկտեմբերի 22-ին թողարկված Windows 7-ի տեխնիկական աջակցությունը և թարմացումը։ Այս մասին տեղեկացրել է Microsoft ամերիկյան ընկերությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«10 տարի հետո Windows 7-ի տեխնիկական աջակցությունը դադարեցվում է հունվարի 14-ից։ Մենք գիտակցում ենք, որ անցումը կարող է ուղեկցվել դժվարություններով և ցանկանում ենք աջակցություն ցուցաբերել խորհուրդներ տալով, թե ինչ պետք է անել հետո, և պատասխանել տեխնիկական աջակցության դադարեցման մասին հարցերին»,- ասվում է հաղորդագրությունում։
Համակարգիչները, որոնց վրա տեղադրված է Windows 7 համակարգ, կշարունակեն գործել, բայց Microsoft-ը տեխնիկական աջակցություն չի ցուցաբերի և թարմացումներ չի թողարկի։