Բողոքի շարժման հարյուրավոր ակտիվիստներ հունվարի 14-ին փակել են երթևեկելի մասը Բեյրութի առանձին շրջաններում: Al Hadas հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ցուցարարների առաջնորդները հայտարարել են քաղաքացիական անհնազանդության արշավի անցնելու մասին՝ նպատակ ունենալով ուժեղացնել ճնշումը կառավարող շրջանների վրա:
Հիշեցնենք, որ փողոցային բողոքները, որոնք Լիբանանում սկսվել են անցյալ տարվա հոկտեմբերի 17-ին, շարունակվում են 90 օր: Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, հերթական «ցասումի շաբաթը» պայմանավորված է նոր կառավարության ձևավորման գործընթացում ներկայում առաջացած փակուղով՝ վարչապետ Հասան Դիաբի և խորհրդարանական մեծամասնության ղեկավարների միջև տարաձայնությունների պատճառով:
Դիաբը ձգտում է նախարարների կաբինետ ստեղծել անկախ տեխնոկրատներից, որոնք կարող են երկիրը դուրս բերել սուր տնտեսական ու ֆինանսական ճգնաժամից: Այդ պահանջը պաշտպանում են ցուցարարները, որոնք օրվա երկրորդ կեսին պատրաստվում են զանգվածային երթ անցկացնել Բեյրութի փողոցներով: Ակցիան պետք է ավարտվի իշխանություններին վերջնագրի առաջադրմամբ:
Ոստիկանության ուժերն այժմ փորձում են ցուցարարներին դուրս մղել էստակադայից և ապաշրջափակել տրանսպորտային երթևեկությունը քաղաքի մյուս հանգուցային կետերում: