Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Ֆրանսիային, Գերմանիային և Մեծ Բրիտանիային կոչ է արել դադարել ԱՄՆ թելադրանքի առջև խոնարհվելուց և խիզախություն դրսևորել կատարելու համար 2015 թվականի իրանական միջուկային համաձայնագրով իրենց պարտավորությունները:
«Եվրաեռյակի հաշտեցման քաղաքականությունը 20 ամիս շարունակ խոնարհվել է ամերիկյան թելադրանքի առաջ: Սա ոչ մի տեղ չի բերել և ոչ մի տեղ չի բերի»,- թվիթերյան իր էջում նշել է Զարիֆը, հայտնում է News.am-ը:
Նա մատնացույց է արել ԱՄՆ դուրս գալուց հետո Գործողությունների համատեղ համընդգրկուն ծրագիրը փրկելու Եվրոպայի անկարողությունը՝ նշելով, որ «եվրաեռյակը կարող է ԳՀՀԾ-ն փրկել, բայց ոչ խուլիգանին հաշտեցնելու և մյուս կողմի վրա ճնշում գործադրելու ճանապարհով»: «Նա (եվրաեռյակը) պետք է խիզախություն դրսևորի իր պարտավորությունները կատարելու համար»,- նշել է Զարիֆը: