Միացյալ Նահանգները նպատակ չի հետապնդում փոխել Իրանում ռեժիմը, սակայն ուշադիր հետևում է Իրանում տիրող իրավիճակին: Այդ մասին երեքշաբթի հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Վիսկոնսին նահանգում ելույթ ունենալով կողմնակիցների առջև, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Այս պահին փողոցներ են դուրս եկել աննախադեպ թվով իրանցիներ: Նրանք բողոքում են ռեժիմի բռնաճնշումների դեմ և ավելի լավ ապագա են պահանջում: Հիանալի մարդիկ: Ժողովուրդը հոգնել է դիտել, թե ինչպես է իշխանությունը թալացնում Իրանը»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը:
«Ես Իրանի կառավարությանը նախազգուշացնում եմ, որ նրանք չպետք է բռնության դիմեն, կամ սպանեն ցուցարարներից որևէ մեկին, ամբողջ աշխարհը հետևում է նրանց»,- ասել է Թրամփը:
«Մենք աջակցում ենք Իրանի ժողովրդին և ազատության համար նրանց մղած պայքարին: Անհավանական մի բան է տեղի ունենում»,- ասել է ԱՄՆ նախագահը և հավելել. «Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին»:
«Մենք ուշադիր, շատ ուշադիր հետևում ենք, մենք չենք ձգտում ռեժիմի փոփոխության»,- ասել է նա:
Թեհրանի մերձակայքում ուկրաինական ինքնաթիռի խոցման դեպքից հետո Իրանում ցույցեր են տեղի ունենում այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ իրանական կողմն է սխալմամբ հրթիռներ արձակել ինքնաթիռի ուղղությամբ: