Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ռազմավարական սխալ է համարում իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) իրականացման շրջանակում վեճերի կարգավորման մեխանիզմի գործարկման որոշումը: Այս մասին Զարիֆը հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարարության պետնախարար Նիլս Անենի հետ նախօրյակին Նյու Դելիում կայացած հանդիպմանը:
«Վեճերի կարգավորման մեխանիզմի գործարկման եվրոպացիների գործողություններն իրավաբանորեն հիմնավորված չեն և քաղաքական առումով ռազմավարական սխալ են»,- Զարիֆի խոսքը մեջբերել է Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան հունվարի 14-ին հայտարարել են, որ գործարկում են Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակում վեճերի կարգավորման մեխանիզմը, որի աշխատանքները կհամակարգի Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը: Այդ մասին ասված էր Բորելի՝ Բրյուսելում տարածված հայտարարության մեջ: