Միջազգային հանրությունն ակտիվացրել է ջանքերը Լիբիայում հակամարտության կարգավորման ուղղությամբ: Լիբիայի հարցով Մոսկվայում կայացած հանդիպումից ընդամենը օրեր անց՝ հունվարի 19-ին, Բեռլինում նախատեսվում է անցկացնել խաղաղության գագաթաժողով Լիբիական հակամարտության արտաքին և ներքին դերակատարների և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:
Բեռլինի գագաթաժողովի արդյունքները մեծապես կախված են Լիբիական ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարի որոշումից: Հունվարի 13-ին Lիբիական ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարի և Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայիզ Սարաջի միջև Մոսկվայում կայացած անուղղակի բանակցությունների արդյունքում Սարաջը ստորագրել էր հունվարի 12-ին հաստատված հրադադարի պայմանները հստակեցնող փաստաթուղթը, իսկ Հաֆթարը երկու օր ժամանակ էր խնդրել հրադադարի պայմաններն իրեն աջակցող ցեղերի ղեկավարների հետ քննարկելու համար և լքել էր Մոսկվան: Սակայն պետք է նկատել, որ հրադադարի պայմանները համաձայնեցնելու խնդիր Հաֆթարը կարող է ունենալ ոչ միայն Լիբիայի ներսի, այլև դրսի ուժերի հետ՝ մասնավորապես Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի:
Հաֆթարն արդեն որոշակի պայմաններ է առաջադրել ձեռք բերված համաձայնությունները կատարելու համար: Մասնավորապես նա նշել է, որ աշխարհազորի զինաթափման գործընթացը պետք է տեղի ունենա ՄԱԿ-ի ներքո մասնագիտացված մարմնի հսկողությամբ, իսկ Թուրքիան պետք է դադարի իր միջնորդական առաքելությունը, քանի որ բացահայտ աջակցություն է ցուցաբերում հակամարտության մյուս կողմին՝ Լիբիայի ազգային համաձայնության կառավարությանը: Ըստ էության, սրանք հրադադարի պայմանների հետ կապված Հաֆթարի և նրա աջակիցների համար միակ վիճահարույց հարցերը չեն: Հաֆթարի բանակը սկսել է հրթիռակոծել Տրիպոլին, ինչը կարող է նշանակել, որ առաջադրված պայմանները նա մերժում է: Թեև Բեռլինի գագաթաժողովը լիբիական հակամարտության կարգավորման հարցում բեկում դժվար թե գրանցվի, սկսված գործընթացը, ինչպես նաև հաստատված կարճատև հրադադարը հակամարտության քաղաքական կարգավորման հույս են ներշնչում:
Նշենք, որ և՛ հրադադարի մասին պայմանավորվածությունը, և՛ Մոսկվայում Հաֆթարի և Սարաջի մասնակցությամբ թեկուզև անուղղակի բանակցությունները հնարավոր դարձան Ռուսաստանի և Թուրքիայի միջնորդության շնորհիվ:
Թեև տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման հարցում Ռուսաստանն ու Թուրքիան ունեն լուրջ տարաձայնություններ և աջակցում են միանգամայն հակադիր ճամբարներին, կողմերը կարողանում են գտնել հատման կետեր և գնալ զիջումների: Հակամարտությունների կարգավորման հարցում համատեղ միջնորդության այս արդյունավետ փորձը Մոսկվան և Անկարան կարող են փորձել կիրառել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հակամարտությունների՝ օրինակ Ղարաբաղյան հակամարտության վրա ևս, ինչը մեզ համար ռիսկային է՝ հաշվի առնելով կարգավորման գործընթացի նկատմամբ Թուրքիայի դիրքորոշումը: Պաշտոնական Երևանը պետք է այս հարցում շատ աչալուրջ լինի՝ հետևողական աշխատանք իրականացնելով բանակցային ձևաչափի հնարավոր փոփոխությունները բացառելու և կարգավորման գործընթացի վրա Թուրքիայի ազդեցությունը նվազեցնելու ուղղությամբ: