Ամերիկա-չինական առևտրային պատերազմը կթևակոխի նոր, ավելի հանգիստ փուլ չորեքշաբթի այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՉԺՀ Պետական խորհրդի փոխվարչապետ Լյու Հեն կստորագրեն առևտրային գործարքի մի մասը, որը կնախատեսի Չինաստանի կողմից ամերիկյան արտադրանքի գնման զգալի մեծացում, հաղորդում է Reuters-ը:
Թրամփն ու Լյուն կստորագրեն 86 էջանոց փաստաթուղթ Սպիտակ տանը արարողության ժամանակ գործնական, կառավարական և դիվանագիտական շրջանակներից ավելի քան 200 հյուրերի մասնակցությամբ:
Գործարքի հիմքում է Չինաստանի խոստումը 200 մլրդ դոլարի չափով ամերիկյան ապրանքների ներմուծումը մեծացնելու մասին, որպեսզի կրճատվի ՉԺՀ-ի հետ ԱՄՆ առևտրային բալանսի պակասը, որը 2018 թվականին հասել է 420 մլրդ դոլարի:
Չինաստանը խոստացել է ԱՄՆ-ից հավելյալ ապրանքներ, այդ թվում՝ ավտոմեքենաներ, ինքնաթիռներ, գյուղտեխնիկա և բժշկական սարքավորումներ, գնել 80 մլրդ դոլարի չափով առաջիկա երկու տարում:
Պեկինը կմեծացնի 50 մլրդ դոլարի չափով էներգակիրների գնումները, իսկ ծառայությունները՝ 35 մլրդ դոլարի չափով, այն դեպքում, երբ գյուղատնտեսական արտադրանքի գնումները 2 տարում կմեծանան 32 մլրդ դոլարով:
Գործարքի՝ դեկտեմբերին ձեռքբերված «առաջին փուլի» շրջանակում չեղարկվել են ԱՄՆ-ի կողմից ծրագրված տուրքերը չինական բջջային հեռախոսների, խաղալիքների և նոութբուքերի համար և կրճատվել են երկու անգամ՝ մինչև 7,5 տոկոս:
Սակայն ԱՄՆ արտադրողների կողմից օգտագործվող չինական ապրանքների համար 25 տոկոսանոց տուրքերն ուժի մեջ են մնացել: