Չինաստանում Եվրոպական առևտրային պալատն անհանգստություն է հայտնել Վաշինգտոնի և Պեկինի սպասվող առևտրային գործարքի հնարավոր հետևանքներից ԵՄ-ի համար։ Մի կողմից՝ համաձայնագրի ստորագրումը լավ նշան է, բայց եվրոպացիները չեն ընդունում Միացյալ Նահանգների կազմած «գնումների ցուցակը», որի համաձայն՝ Չինաստանը պետք է գնի ամերիկյան ապրանքներ, ասել է կազմակերպության ղեկավար Յորգ Վուտկեն Պեկինում, տեղեկացնում է DW-ն։
«Մեզ, իհարկե, դուր չի գալիս այն փաստը, որ խոսքը կարգավորվող առևտրի մասին է»,- նշել է նա։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը կկարգադրի Չինաստանին, թե ինչ մթերքներ և ինչ քանակությամբ պետք է նա գնի, ինչը այդ շուկայից կբացառի նրա մյուս մասնակիցներին։ Նա նշել է, որ Չինաստանը համաձայնել է 200 մլրդ դոլարով ավելացնել արդյունաբերական ապրանքների, գյուղտնտեսական ապրանքների, էներգակիրների և սպասարկումների գնումները ԱՄՆ-ում։ Միևնույն ժամանակ, Վուտկեն ընդգծել է, որ խոսքն արդեն լավ գների ու լավ մատակարարողների մասին չէ։
Նա հիշեցրել է, որ համաձայնագրի նախագծի մանրամասներն առայժմ չեն հրապարակվում, բայց անհրաժեշտ է ստուգել, թե որքանով է փատաթուղթը համապատասխանում Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանոններին։
Մինչդեռ, գերմանացի արտահանողները ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրային կոնֆլիկտի կարգավորման համաձայնագրի առաջին մասում չեն տեսնում նշաններն այն բանի, որ առևտրային պատերազմի հետ կապված ճգնաժամը կհարթվի։ Թեև գերմանական բիզնեսին շահավետ է լարվածության թուլացումը, որը սպասվում է համաձայնագրի ստորագրումից հետո, բայց այդ քայլը չի նշանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընդհանուր ուղեգծի փոփոխություն, նախազգուշացնում է Գերմանիայի Մեծածախ և արտաքին առևտրի դաշնային միավորման (BGA) ղեկավար Հոլգեր Բինգմանը։
«Ավելի շուտ պետք է զգուշանալ այն բանից, որ խոսքը վերաբերում է քաղաքականության ժամանակավոր փոփոխության մասին ԱՄՆ-ում գալիք նախագահական ընտրությունների ֆոնին։ Երկու երկրների պայքարը քաղաքական-տնտեսական գերիշխանության համար կուղեկցի մեզ դեռ երկար տարիներ»,- նշել է նա։