Անցած տարին գրեթե ամենատաքն է դարձել օդերևութաբանական դիտարկումների 140-ամյա պատմության ընթացքում՝ առաջին հորիզոնականը զիջելով 2016 թվականին: Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով հինգ հետազոտական ինստիտուտների (NASA, Օվկիանոսների և մթնոլորտային հետազոտությունների ԱՄՆ-ի ազգային վարչություն (NOAA), Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպություն, Berkeley Earth ոչ առևտրային կազմակերպություն, Մեծ Բրիտանիայի օդերևութաբանական ծառայություն) տվյալները:
Berkeley Earth-ի տվյալներով՝ Երկրի 10 տոկոսի վրա գրանցվել են տապի տեղային միջին տարեկան ռեկորդներ այն դեպքում, երբ ռեկորդային միջին տարեկան ցածր ջերմաստիճաններ չեն գրանցվել:
2019 թվականին Երկրի վրա միջին տարեկան ջերմաստիճանը 0,95°C -ով բարձր է եղել անցյալ դարի միջին ցուցանիշից և ընդամենը Ցելսիուսի 0,04°C-ով է զիջել 2016 թվականի բացարձակ ռեկորդին, ասվում է NOAA-ի կայքում: