ՌԴ Պետդումայի պատգամավորները ձայների 383 կողմ, 41-ը ձեռնպահ և 0 դեմ հարաբերակցությամբ հաստատեցին Միխայիլ Միշուստինի թեկնածությունը վարչապետի պաշտոնում:
Ո՞վ է Միխայիլ Միշուստինը
Նա ծնվել է 1966 թվականի մարտի 3-ին, Մոսկվայում:
1989-ին ավարտել է Մոսկվայի հաստոցային ինստիտուտը՝ ինժեներ-սիստեմոտեխնիկ որակավորմամբ, իսկ 1992-ին` այդ բուհի ասպիրանտուրան:
2003-ին ՝ Ռուսաստանի Գ.Վ. Պլեխանովի անվան տնտեսագիտական ակադեմիայում պաշտպանել է գիտական թեզ՝ ստանալով տնտեսական գիտությունների թեկնածուի աստիճան:
1992 թվականից աշխատել է Միջազգային համակարգչային ակումբում, որի նպատակը «արևմտյան առաջադեմ տեղեկատվական տեխնոլոգիաները Ռուսաստան ներգրավելն է եղել»:
Մինչև 1995 թվականը եղել է Միջազգային համակարգչային ակումբի թեստային լաբորատորիայի տնօրեն, 1995-1996 թվականներին եղել է նույն լաբորատորիայի գլխավոր տնօրեն, հայ գործարար Լևոն Ամդիլյանի տեղակալ, 1996-1998 թվականներին եղել է Միջազգային համակարգչային ակումբի խորհրդի նախագահ:
1998-ին զբաղեցրել է ՌԴ Պետական հարկային ծառայության ղեկավար Բորիս Ֆեդորովի օգնականի պաշտոնը:
1998 թվականի օգոստոսի 22-ից նշանակվել է ՌԴ հարկային պետական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնում: Այդ ժամանակ գերատեսչությունը ղեկավարում էր Բորիս Ֆեդորովը, իսկ 1998-ի սեպտեմբերից ՝ Գեորգի Բոոսը:
1999-2004 թվականներին եղել է ՌԴ հարկերի և գանձումների հարցերով փոխնախարար: Այնուհետև աշխատել է Անշարժ գույքի կադաստրի դաշնային գործակալությունում:
2004 թ.-ի մարտի 22-ից մինչև 2006 թ. դեկտեմբերի 18-ը եղել է ՌԴ Անշարժ գույքի կադաստրի դաշնային գործակալության ղեկավար:
2006 թ. դեկտեմբերի 18-ից մինչև 2008 թ. փետրվարի 29-ը Միխայիլ Միշուստինը ղեկավարել է Հատուկ տնտեսական գոտիների կառավարման հարցերով դաշնային գործակալությունը:
2008–2010 թթ.-ին եղել է UFG Capital Partners-ի նախագահ և UFG Asset Management ընկերության կառավարող գործընկեր, վերահսկողություն է իրականացրել վենչուրային ֆոնդի, անշարժ գույքի ֆոնդերի նախագծերի նկատմամբ, ինչպես նաև զբաղվել է մարզերում բիզնեսի զարգացմամբ:
2010 թվականին նշանակվել է ՌԴ Դաշնային հարկային ծառայության ղեկավար: 2013 թվականից համատեղության կարգով հանդիսանում է ՌԴ կառավարությանը կից Ֆինանսական համալսարանի հարկերի և հարկման ֆակուլտետի գիտական ղեկավար:
Ընդգրկված է ԲԿՄԱ հոկեյի ակումբի դիտորդական խորհրդի կազմում և ՌԴ Հոկեյի ֆեդերացիայի կառավարման կազմում:
Հանդիսանում է ՌԴ նախագահին կից Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիայի գիտական խորհրդի անդամ:
2010-ից Ռուսաստանի Դաշնության առաջին դասի պետական խորհրդական է:
Պարգևատրվել է Պատվո շքանշանով (2012-ին), ինչպես նաև «Հայրենիքի հանդեպ վաստակի համար» IV աստիճանի շքանշանով (2015-ին):
Հանդիսանում է «Ռուսաստանի Դաշնության հարկային ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների հիմունքներ» (2005) գրքի հեղինակ:
Ամուսնացած է, ունի երեք որդի:
Հետաքրքրված է հոկեյով: Նվագում է նաև դաշնամուր:
ՌԴ վարչապետի թեկնածու առաջադրվելուց անմիջապես հետո մամուլում լուրեր սկսեցին շրջանառվել, որ Միխայիլ Միշուստին կիսով չափ հայ է: Լուրի հիմնական աղբյուրը ռուսական «Compromat.ru» կայքն է, որը, հղում կատարելով «Moscow Post»-ին, մասնավորապես նշում է, որ «Լևոն Ամդիլյանի հետ Միխայիլ Միշուստինի հետ բարեկամությունը ձեռք է բերվել իր ծագման շնորհիվ, քանի որ Միշուստինը կիսով չափ հայ է»: Սակայն «Moscow Post» կայքն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ տվյալ կայքում նման հոդված գոյություն չունի: Ծնողների մասին ինֆորմացիա միայն տրվում է Վիքիպեդիայի անգլերեն բաժնում, որտեղ մասնավորապես նշված է, որ հայրը հրեական ծագում ունի, իսկ մայրն՝ ազգությամբ հայ է: Սակայն ռուսերեն Վիքիպեդիայում այդ մասին ոչինչ չկա:
Ռուսական պետական լրատվամիջոցների կողմից Միշուստինի մասին տրամադրված տեղեկատվությունում նույնպես չի նշվում նրա հայ լինելու մասին: Անգամ Ռուսաստանի Դաշնային հարկային ծառայության կայքէջում վերջինիս ծագման մասին պաշտոնական ինֆորմացիան բացակայում է:
Սակայն այն, որ վերջինս սերտ կապեր ունի հայ գործարարների հետ, դա կասկածից վեր է: Միշուստինը մտերիմ է մասնավորապես հայ գործարար Լևոն Ամդիլյանի, ինչպես նաև Ռուսաստանում մեդիամագնատ Արթուր Ջանիբեկյանի հետ։ Վերջինիս ուղեկցությամբ էլ նա անցած տարի ժամանել էր Հայաստան, մասնակցել WCIT 2019-ի` ՏՏ համաշխարհային համաժողովին, այցելել «Այբ» դպրոց։