Վրաստանում հայտարարել են Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ երկխոսության պատրաստակամության մասին
Վրաստանը պատրաստ է բանակցություններ սկսել աբխազական և հարավօսական հանրությունների հետ: Այդ մասին հայտարարել է Վրաստանի Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Կետեվան Ցիխելաշվիլին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Պաշտոնյայի հայտարարությունը հնչել է՝ ի պատասխան աբխազական ընդդիմության առաջնորդ Ալսան Բժանիի նախաձեռնությանը՝ Սուխումիի և Թբիլիսիի միջև տնտեսական ոլորտում երկխոսություն սկսելու շուրջ: Վերջինիս խոսքերով, կողմերին, առաջին հերթին, անհրաժեշտ է վերականգնել վստահությունը:
«Մենք շատ վաղուց քայլեր ենք ձեռնարկել և դա անում ենք մինչ օրս, աբխազական և օսիական հանրությունների հետ երկխոսություն սկսելու համար: Դա անհրաժեշտ է և, կարծում եմ, դրա համար գոյություն ունեն համապատասխան ձևաչափեր և համապատասխան միջավայր: Մեր քաղաքականության և «քայլն է դեպի լավ ապագա» խաղաղ նախաձեռնության գլխավոր նպատակը հանդիսանում է երկխոսությունը, երկուստեք շահերի շուրջ համագործակցությունը: Այդ թվում, իհարկե, այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը և առևտրային հարաբերությունները»,- հայտարարել է Ցիխելաշվիլին:
Նրա խոսքերով, երկխոսություն կարելի է ունենալ ցանկացած վայրում՝ ինչպես Թբիլիսիում, այնպես էլ Սուխումիում: