ՌԴ արտգործնախարարությունը հայտնել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ որոշակի տեղաշարժերի առկայության մասին: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին նշվում է ԶԼՄ-ների հարցերին ՌԴ ԱԳՆ-ի կայքում տեղադրված պատասխաններում, որոնք նախապատրաստվել էին, բայց չեն հնչել ՌԴ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովի՝ 2019 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսում:
«Տեղաշարժեր կան «փոքր քայլերի» իրականացման մեջ, որոնց շուրջ արտաքին գործերի նախարարները պայմանավորվել էին 2019 թվականի ապրիլին ի զարգացումն Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի՝ 2019 թվականի մարտին Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների: Սահմանում և շփման գծում իրադրությունը հարաբերականորեն հանգիստ է:
Կապի թեժ գիծ է գործում Երևանի և Բաքվի միջև: Վերադարձվել են գերության մեջ հայտնված Զավեն Կարապետյանը և էլվին Իբրահիմովը: Աշխատանքներ են իրականացվում մյուս բանտարկյալների համար: ԿԽՄԿ-ն նույնպես ներգրավված է այդ հարցում: Կարծում ենք, որ այս ամենը վկայում է բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն ուղղված կոնկրետ քայլեր ձեռնարկելու կողմերի մտադրության մասին:
Սակայն կարգավորման բովանդակային հարցերի շուրջ առաջ շարժվել առայժմ չի հաջողվել: Այս թեման քննարկվել է Ս. Լավրովի վերջերս Երևան և Բաքու կատարած այցերի ժամանակ: Հուսով ենք, որ տեսանելի ապագայում կողմերի միջև կվերսկսվի առարկայական խոսակցությունը: Մեր կողմից մենք Մինսկի խմբի ֆրանսիացի և ամերիկացի համանախագահների հետ միասին կտրամադրենք անհրաժեշտ օգնություն»,- նշված է ՌԴ ԱԳՆ կողմից տեղադրված պատասխաններում: