ՆԱՏՕ-ն Իտալիայի Սիգոնելլա ավիաբազայում բացել է դաշինքի անօդաչու օդային հետախուզության առաջին համակարգը (Alliance Ground Surveillance, AGS): Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ Սիցիլիա կղզում համակարգի բացման պաշտոնական արարողության ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մեք հավաքվել ենք այստեղ, որպեսզի ողջունենք (ԱՄՆ-ից) Երկրի մակերևույթի հսկման առաջին երկու անօդաչուների (RQ-4D "Phoenix") ժամանումը: Համակարգը օպերացիոն պատրաստության վիճակում կլինի մի քանի ամսից, ևս երեք դրոն կժամանի մինչև տարեվերջ: Այն թույլ կտա հսկել դաշինքի ողջ տարածքը նաև դրա սահմաններից դուրս՝ Արկտիկայից մինչև Սահել, Ատլանտիկայից մինչև Արևելյան Եվրոպա», - ասել է Ստոլտենբերգը:
«Այս համակարգերը ցանկացած եղանակին թույլ կտան արձանագրել և փոխանցել տվյալներ ցամաքային և ծովի մակերևույթների տեղաշարժերի վերաբերյալ և նույնիսկ հայտնաբերել ականներ և իմպրովիզացված պայթուցիկ սարքեր», - հավելել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: