ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին մանրամասն հոդված գրել, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Հոդվածը բացառապես կհիմնվի փաստերի, ինչպես նաև ռուսական արխիվներից հանված նոր տվյալների վրա:
Լավրովը նաև հայտնել է Երկրորդ աշխարհամարտի պատճառների և դրա արդյունքների հետ կապված Ռուսաստանին զրպարտելու շարունակական փորձերի մասին: Այս կապակցությամբ դիվանագետը հիշեցրել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության` ուրբաթ օրը հրապարակված Վարշավայի ազատագրման մասին արխիվային փաստաթղթերի մասին:
«Կարևոր է իմանալ, թե դրանց մասին ինչ կասի լեհական կողմը, երբ դրանք ուսումնասիրի»,- ասել է Լավրովը:
Վարշավան և Մոսկվան Երկրորդ համաշխարհային պատերազմի իրադարձությունների ժամանակագրության հետ կապված տարակարծություններ ունեն: