ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահը հերթական ցնցումն էր մեր հասարակության համար, հերթական ահազանգը, որ «սիրո ու հանդուրժողականության» հեղափոխությունն իր էությամբ ատելության ու անհանդուրժողականության հաղթարշավ է՝ ցավալի կորուստներով: Ինքը՝ հեղափոխության դրոշակով իշխանության եկած վարչապետը, Կուտոյանի մահվան առնչությամբ ոչինչ չխոսեց, անգամ պատշաճ կերպով չցավակցեց ԱԱԾ նախկին տնօրենի ընտանիքի անդամներին (ՀՀ վարչապետի ցավակցական ուղերձը ԶԼՄ-ներով տարածվել է «ըստ ցանկության», այսինքն՝ վարչապետի ուղերձը ստացել են միայն այն ԶԼՄ-ները, որոնք հետաքրքրվել են դրանով): Փաշինյանը և իր քաղաքական թիմը չմասնակցեցին նաև Կուտոյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին՝ հերթական անգամ իրենց վերաբերմունքը ցույց տալով, այդ թվում, պետական ինստիտուտների ու ուժային կառույցների նկատմամբ:
Պարտավո՞ր էր Փաշինյանը մասնակցել Կուտոյանի հուղարկավորությանը: Ո՛չ: Մեր օրենսդրության մեջ չկա որևէ արարողակարգային նորմ՝ պարտավորեցնող երկրի ղեկավարությանը մասնակցել ուժային կառույցների նախկին ղեկավարների հուղարկավորությանը: Բայց, փոխարենը, կար գործող պրակտիկա՝ խարսխված այս կառույցների նկատմամբ պետության վերաբերմունքի ու բարոյական արժեքների վրա: Բավական է միայն հիշել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի հոգեհանգստի արարողությունը 2017-ի հոկտեմբերի 2-ին, որին մասնակցում էին գործող նախագահ Սերժ Սարգսյանը, առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, պատգամավորներ: Փաշինյանը շրջանցեց և այս՝ բարոյական նորմերն ու արժեքները՝ թելադրելով սեփականը՝ ատելությունն ու անհանդուրժողականությունը:
Ի դեպ, երկրի ուժային կառույցների նախկին ղեկավարների նկատմամբ այս կերպ ընդգծված հարգանքի ցուցադրումը միայն մեր ձեռքբերումը չի եղել: Աշխարհի շատ երկրներ, հատկապես այնպիսիք, որտեղ պետական այս մարմինները առանձնահատուկ դեր ու նշանակություն ունեն, ամենաբարձր մակարդակով հետևում են չգրված այս օրենքներին: Որպես բավական թարմ օրինակ՝ կարող ենք հիշել Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Մոշե Արենսի հուղարկավորությունը՝ 2019-ի հունվարին: Արենսի թաղման արարողությանը մասնակցում էին երկրի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նախագահ Ռեուվեն Ռիվլինի գլխավորությամբ:
Նույն կերպ և ԱՄՆ-ում: Օրինակ՝ երկրի պաշտպանության նախկին նախարար (1981-1987թթ.) Կասպար Ուայնբերգերի հուղարկավորությանը 2006-ի ապրիլի 5-ին մասնակցում էր երկրի փոխնախագահ Ռիչարդ Չեյնին, բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ:
Այս ցանկը կարելի է երկար շարունակել՝ բերելով օրինակներ աշխարհի շատ երկրներից: Բայց մեզ համար սա արդեն երկրորդական է. մենք ունենք մեր այսօրվա իրականությունը, որտեղ այս չգրված կանոնները, պետական ինստիտուտների, ուժային կառույցների նկատմամբ հարգանքն ու հատուկ վերաբերմունքը այլևս անցյալում են: