Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիևը հայտարարել է, որ Տաշքենդը մտադիր է առաջիկայում սահմանափակվել Եվրասիական տնտեսական միությունում դիտորդի կարգավիճակով: Այս մասին հայտնում է «Lenta.ru»-ն՝ հղում կատարելով «Коммерсантъ»-ին:
«Գիտեք, որ քաղաքական տեսանկյունից ոչ ոք մեր անկախությունը չի հանձնի, դա մեր ձեռքերում է և նախագահի ձեռքերում, ում ժողովուրդը վստահել է»,- ասել է Միրզիևը կազմակերպությունում երկրի կարգավիճակը որոշելու մասին խոսելիս:
Նա հիշեցրել է, որ Ուզբեկստանը ԵԱՏՄ-ի մեջ չի մտնում որպես անդամ պետություն: Ուզբեկստանի նախագահն ընդգծել է, որ հիմա ուզբեկական իշխանությունները «որպես դիտորդ» ուսումնասիրում են՝ արդյոք դա իրենց համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ:
ԵԱՏՄ-ին անդամակցելու Ուզբեկստանի մտադրության մասին հոկտեմբերին հայտնել էր Ռուսաստանի Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն: Նրա խոսքով՝ համապատասխան որոշումն անձամբ ընդունվել էր միջինասիական հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիևի կողմից: