Առողջապահության նախարարությունը հունվարի 1-ից դադարեցրել է Հանրապետական անձավաբուժական կենտրոնի ֆինանսավորումը՝ պետպատվերով բուժծառայություններ տրամադրելու համար, փոխանցում է Panarmenian.net-ը:
Աշխատակիցներն անհանգստացած են. եթե պետական պատվերը չգործի, հիվանդների մեծ մասը չի օգտվի կենտրոնից, և հեռանկարում կարող է լինել գործունեության դադարեցում:
Տնօրեն Անուշ Ոսկանյանը նշել է՝ իրենց հիմնական հիվանդները մինչև 18 տարեկան դեռահասներ են։ Նրանց 80-85%-ը մշտապես պետպատվերով է բուժվել, միայն 15-20%-ն է վճարել ծառայությունների դիմաց։
«Ֆինանսավորումը դադարեցնել կնշանակի բրոնխիալ ասթմայով, ալերգիկ տարբեր հիվանդություններով, բազմաթիվ շնչառական խնդիրներով տառապող անձանց զրկել կենտրոնում բուժում ստանալու հնարավորությունից»,- նշել է տնօրենը՝ հավելելով, որ այժմ չգիտեն՝ հիվանդներին ինչ պետք է ասեն։
Առողջապահության նախարարությունից պարզաբանել են, որ Անձավաբուժական բժշկական օգնությունը՝ սպելեոթերապիան, նախատեսվում է կիրառել բազմապրոֆիլ բուժհաստատություններում՝ որպես պացիենտների բուժման ծրագրի էտապ, հետևաբար չի դիտարկվում պետպատվեր տեղադրել նմանատիպ մոնոպրոֆիլ կազմակերպություններում: