Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հունվարի 21-ին հանդիպում է անցկացրել Հայաստանի Ամերիկյան համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի ուսանողների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ֆակուլտետի դեկան Բրայան Էլիսոնը և ամբիոնի վարիչ Վահրամ Տեր-Մաթևոսյանը: Հանդիպմանը ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը և դեկան Բրայան Էլիսոնը ստորագրել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի ամերիկյան համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի միջև համագործակցության մասին հուշագիրը, որի նպատակն է նախարարության գործունեության բնագավառին առնչվող ծրագրերի շրջանակներում հետազոտությունների և վերլուծությունների իրականացումը, hհաղորդում է ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը։
Անդրադառնալով դիվանագիտական ծառայության առանձնահատկություններին՝ ԱԳ նախարարը նշեց, որ այն մեծ պատասխանատավություն, նվիրվածություն, միևնույն ժամանակ ստեղծագործ մոտեցում պահանջող աշխատանք է:
Պատասխանելով ուսանողների հարցերին՝ նախարար Մնացականյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու գերակայությունները, անդրադարձավ տարածաշրջանային և միջազգային հիմնախնդիրներին և դրանց վերաբերյալ ՀՀ դիրքորոշումներին ու մոտեցումներին»,- նշված է հաղորդագրության մեջ: