ԱՄՆ նախագահը Wall Street Journal ամերիկյան պարբերականին հարցազրույց է տվել Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողվի շրջանակում, որտեղ ելույթ է ունեցել նաև շվեդ էկոակտիվիստ Տունբերգը:
«Ես իրականում նրա մասին ոչինչ չգիտեմ»,- պարբերականին ասել է Թրամփը՝ նշելով, որ աղջիկը «շատ զայրացած» է:
2018 թվականին Տունբերգը դպրոց դասի գնալու փոխարեն, սկսել է գալ շվեդական խորհրդարանի մոտ՝ իշխանություններից պահանջելով ուժեղացնել կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի միջոցառումները: Նրա նախաձեռնությունը վերածվել է ուրբաթօրյա կլիմայական գործադուլների միջազգային շարժման՝ FridaysForFuture:
Թրամփն ավելի վաղ արձագանքել էր ՄԱԿ ամբիոնից Տունբերգի ելույթին: Նա այդ ժամանակ նրան անվանել էր «շատ երջանիկ աղջիկ, որն ակնկալում է լուսավոր և հիասքանչ ապագա»: Ի պատասխան դրան՝ Տունբերգը այս արտահայտությունը ժամանակավորապես դարձրել էր Twitter-յան իր էջի նկարագրությունը:
Time ամսագրի վարկածով ակտիվիստը դեկտեմբերին դարձել էր «Տարվա մարդ-2019»: Թրամփը քննադատել էր Տունբերգին «Տարվա մարդ-2019» ճանաչելը՝ էկոակտիվիստի հաղթանակն անվանելով «անհեթեթ»: