ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հույս է հայտնել, որ Լիբիայում հրադադարի պահպանումը դիտարկելու համար հակամարտության կողմերի 5-ական ներկայացուցչից կազմված Միացյալ ռազմական հանձնաժողովի առաջին հանդիպումը տեղի կունենան արդեն հունվարի 28-ին Ժնևում: Նա կոչ է արել հակամարտող կողմերին կառուցողական մասնակցություն ունենալ հանձնաժողովի աշխատանքներում:
Իսկ ներկա պահին, ՄԱԿ գլխավոր քարտուղարի խոսքով, հակամարտող կողմերն աշխատում են Լիբիայում տնտեսական բարեփոխումներ մշակելու ուղղությամբ:
Հիշեցնենք, հունվարի 19-ին Բեռլինում կայացել էր Լիբիայի հարցով միջազգային համաժողով, որին մասնակցում էին Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Թուրքիան, Եգիպտոսը, ՄԱԿ-ը, ԵՄ-ն և մի շարք այլ երկրներ: Համաժողովի աշխատանքներին մասնակցում էին նաև Լիբիական հակամարտության կողմերի ներկայացուցիչները՝ Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջը և Լիբիական ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը:
Համաժողովի մասնակից երկրները հաստատել են Լիբիայի ներքին գործերին չմիջամտելու հանձնառությունը՝ ընդգծելով երկրում հակամարտության կարգավորման հարցում ՄԱԿ-ի առաջատար դիրքը: Համաժողովի մասնակիցները հայտարարել են Լիբիա զենքի մատակարարումների էմբարգոն լիովին հարգելու մասին: Առաջիկայում համաժողովի արդյունքում ընդունված որոշումները քննարկման կդրվեն ՄԱԿ Անվտանգության խորհրդում:
Նշենք, որ Լիբիական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց արձանագրելու տեսանկյունից որոշիչ նշանակություն ունի միջազգային հանրության դիրքորոշումը և հակամարտության կողմերին ուղարկվող ազդակները:
Ինչպես Մոսկվայում կայացած հանդիպման, այնպես էլ Բեռլինի համաժողովի ժամանակ Ֆայեզ Սարաջը և Խալիֆա Հաֆթարը հրաժարվել են միմյանց հետ ուղիղ բանակցություններից: Նման պայմաններում ձեռք բերված այս պայմանավորվածությունները թեև դրական են կարգավորման գործընթացի համատեքստում, սակայն լուրջ առաջընթացի մասին խոսելը դեռ վաղ է:
Նշենք, որ հակամարտության կողմերը միանգամայն տարբեր մոտեցումներ ունեն հակամարտության կարգավորման հարցում: Ու թեև Հաֆթարը գործնականում պահպանում է հունվարի 12-ին Ռուսաստանի և Թուրքիայի միջնորդությամբ հաստատված հրադադարի ռեժիմը, սակայն մինչ այժմ չի ստորագել դրա պայմանները հստակեցնող փաստաթուղթը: Ըստ արաբական լրավամիջոցների՝ վերջինս նախատեսում է, որ Հաֆթարի զորքերը պետք է վերադառնան մինչև 2019 թվականին ապրիլի 4-ին մայրաքաղաք Տրիպոլիի վրա գրոհ սկսելն ունեցած իրենց դիրքերը, ինչը Հաֆթարին և նրան աջակցող լիբիական ցեղերի համար, ըստ էության, անընունելի է: