ԱՄՆ Կոնգրեսի սենատորների մեծամասնությունը հաստատեց նախագահ Դոնալդ Թրամփի դատավարության կարգը, դրանով իսկ տալով երկրի նախագահի դեմ իմպիչմենտի բուն գործընթացի մեկնարկը:
Նշենք, որ Դոնալդ Թրամփը ԱՄՆ պատմության մեջ դարձավ երրորդ նախագահը, որի նկատմամբ իմպիչմենտի գործընթաց է սկսվել: Կշարունակի՞ Թրամփը կատարել իր պարտականությունները, այժմ կախված է Սենատի կայացրած որոշումից:
ԱՄՆ նախագահին մեղադրանք է ներկայացվում միանգամից երկու հոդվածով: Թրամփը մեղադրվում է նրանում, որ իշխանությունը չարաշահելով սառեցրել է Ուկրաինային ռազմական օգնության տրամադրումը և ճնշումներ է գործադրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վրա: Ըստ դեմոկրատների առաջադրած մեղադրանքների՝ Թրամփը վերջին հեռախոսազրույցի ժամանակ ստիպել է Զելենսկուն, որպեսզի վերջինս ինֆորմացիա տրամադրի ուկրաինացի գործարարների և Ռոբերտ Հանթերի հարաբերությունների մասին: Վերջինս ԱՄՆ նախկին փոխնախագահ և 2020թ.-ին կայանալիք նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրած Ջո Բայդենի որդին է: Դոնալդ Թրամփին ներկայացված երկրորդ մեղադրանքը վերաբերում է նրա կողմից իմփիչմենտի գործընթացի շրջանակներում Կոնգրեսի աշխատանքների խոչընդոտմանը:
Սենատում դատավարությունն սկսվելու է այսօր: Քննությունը կանցնի Սենատի հատուկ նիստում, որը կվարի Միացյալ Նահանգների Գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերթսը:
Մեղադրական կողմը ներկայացնելու են Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները, պաշտպանական կողմը՝ Թրամփի փաստաբանները: Իսկ սենատորները կկատարեն երդվյալ ատենակալների դերը: Սենատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Միթչ Մըքքոնելի կողմից առաջարկված և Սենատի կողմից հաստատված կանոնների համաձայն՝ դատը տեղի կունենա հետևյալ ժամանակացույցով.
Ավելի վաղ դեմոկրատները հայտարարել էին գործընթացին նոր վկաներ հրավիրելու իրենց ցանկության մասին: Մասնավորապես, նախագահի հակառակորդները ցանկանում էին հարցաքննության կանչել Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Ջոն Բոլթոնին և Սպիտակ տան վարչակազմի ղեկավար Միք Մալվենին: Սակայն, Սենատի կողմից հաստատված կանոնների համաձայն, նոր փաստաթղթերի տրամադրումը կամ նոր վկաներին կանչելը հնարավոր կլինի միայն սենատորների մեծամասնության հավանությամբ: Սենատի դեմոկրատների առաջնորդ Չաք Շումերը Մըքքոնելի կողմից առաջ քաշած կանոններն որակել է որպես խայտառակություն: Նա հանրապետականներին մեղադրել է արդար դատաքննությունը խոչընդոտելու փորձի մեջ:
Նշենք, որ եթե վերին պալատի սենատորները ձայների երկու երրորդով հաստատեն Թրամփի դեմ ներկայացված մեղադրանքները, ապա ԱՄՆ նախագահը ստիպված կլինի հրաժարական ներկայացնել, իսկ նախագահի պաշտոնը կփոխանցվի փոխնախագահ Մայք Պենսին: Սակայն, Կոնգրեսի վերին պալատը վերահսկվում է հանրապետականների կողմից, այսինքն՝ սա նշանակում է, որ Թրամփին հեռացնելու հավանականությունը գրեթե զրոյական է: Թրամփի թիմակից հանրապետականները միաձայն պաշտպանում են նախագահին, նրանցից որևէ մեկն առ այսօր չի ակնարկել, թե պատրաստ է քվեարկել Թրամփի իմպիչմենտի օգտին: