Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսով ախտահարվածների թիվը գերազանցել է 570-ը: Այս մասին հաղորդում է ՉԺՀ-ի Հիգիենայի և առողջապահության պետական կոմիտեն:
Ավելի վաղ «Ժենմին ժիբաո» թերթը, վկայակոչելով պաշտոնական տվյալներ, տեղեկացրել էր 554 դեպքի մասին երկրի 27 տարածաշրջաններում: Ընդհանուր առմամբ, հիվանդությունը հանգեցրել է 17 բնակչի մահվան: Ճշտված տվյալներով՝ 95 ախտահարվածներ օրհասական վիճակում են: Հիվանդացածների հետ սերտ շփման մեջ է եղել ավելի քան 5,8 հազար մարդ, նրանք բոլորը գտնվում են կարանտինում:
Հրապարակված վիճակագրության համաձայն՝ հիվանդացածների մեծ մասը գրանցված է Հուբեյի նահանգում, որի վարչական կենտրոնն Ուհանն է, որտեղից սկսվել է համաճարակի տարածումը:
Պեկինում ախտահարվածների թիվն աճել է ևս չորսով՝ մինչև 14 բնակիչ:
Նոր տիպի կորոնավիրուս է արդեն հայտնաբերվել նաև այլ երկրներում. Թաիլանդում (երեք դեպք), Կորեայի Հանրապետությունում, ԱՄՆ-ում և Ճապոնիայում (մեկական հիվանդ): Թոքաբորբ հիշեցնող ախտանիշեր են հայտնաբերվել Սինգապուրում և Ֆիլիպիններում: